ԵՄ-ի հետ երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետբյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

կառավարության շենք

ՀՀ փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ` Եվրոպական միության հետ մեր երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո, մասնավորապես`

1. Քովիդ համավարակի արդյունքում առաջացած խնդիրների մեղմման և սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի վերջին հատկացումը` 6 մլն եվրո արժողությամբ:

Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 30 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրով սահմանված բոլոր նախապայմանների 100% կատարողականով:

2. Դատաիրավական բարեփոխումներին աջակցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի հերթական հատկացումը` 8.2 մլն եվրո արժողությամբ:

Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 17.2 մլն եվրո դրամաշնորհ: Ծրագիրը կավարտվի հաջորդ տարի:

ԵՄ գործընկերները շատ բարձր են գնահատել Կառավարության հետ համագործակցությունը և ծրագրերի շրջանակում գրանցված արդյունքները»:

--00--ԱՀ