Մաս-մաս երկիրը հանձնում են թշնամուն. Վահե Հակոբյանը հաստատում է՝ Ներքին հանդում թշնամին առաջ է եկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

վահե հակոբյան

Ներքին Հանդում ադրբեջանցիները լավ էլ առաջ են եկել, գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում:«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ նշելով, որ ադրբեջանցիներն այդպիսով արդեն 4-րդ դիրքն են զբաղեցնում ՀՀ սուվերեն տարածքում։

Նշենք, որ թե՛ Ներքին Հանդի վարչական ղեկավարը, թե՛ բնակիչները ահազանգել են, որ ադրբեջանցիները Ներքին Հանդի հատվածում առաջ են եկել,վրաններ են խփել և ամրացել գյուղի հատվածում, սակայն ՊՆ-ն կրկին տարակուսելի հայտարարություն տարածեց՝ պնդելով, թե տարածքն ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը:

Ըստ Վահե Հակոբյանի՝ ՊՆ-ն այսպիսով արձանագրում է, թե Ներքին Հանդի այդ հատվածը հայկական չէ.

«ՊՆ-ին ձեռք չի տալիս նման հայտարարությունները, քանի որ հարցեր են առաջանալու՝ ինչու՞ մեր ԶՈՒ-ն կրակ չի արձակել, չի՞ եղել նման հրաման կամ ինչու՞ հետ չեն վռնդում ադրբեջանցիներին։ Այս պատճառով ՊՆ-ին ավելի հեշտ է ասել, որ դա մեր տարածքը չէ և հարցը փակել, այսպես մաս-մաս մեր երկիրը նվիրելու են թշնամուն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը նաև մանրամասներ ներկայացրեց այսօր ԱԺ-ում կայացած Արցախի հարցով փակ քննարկումից և նշեց, որ քննարկման ժամանակ սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն հնչել իշխանության կողմից.

«Մենք այդպես էլ չհասկացանք՝ ի՞նչպես է մեր ԱԳՆ-ն պատասխանել Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 նախապայմաններին: Մեզ պետք չէր, որ իշխող ուժը ներկայացնի Արցախում ստեղծված իրավիճակը, մենք շատ լավ հասկանում ենք, թե այնտեղ ի՞նչ է կատարվում, քննարկումը նրա համար էր, որպեսզի հասկանանք՝ ինչ անենք , որպեսզի այդ անելանելի վիճակից դուրս գանք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ինչ վերաբերվում է ՔՊ-ի կողմից՝ Արցախի վերաբերյալ հայտարարության նախագծի ընդունումը տապալելուն, ապա, պատգամավորի գնահատմամբ, այդպիսով իշխող մեծամասնությունը ցույց տվեց իր դեմքը։

«Իշխող մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը: Նախագիծն ուղղված էր ի շահ Հայաստանի և Արցախի, սակայն ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը, սա խոսում է արդեն նրա մասին որ նախագիծը հայանպաստ էր և հետապնդում էր հայկական շահ»,-ասաց Վահե Հակոբյանը:

--00--ԱՀ