Դավիթ Գալստյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

Դավիթ Գալստյան

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավիթի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, գործի դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալների խափանման միջոցները և որոշել անփոփոխ թողնել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավոյի»՝ Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, իսկ Արտյոմ Համբարյանին գրավի դիմաց ազատ արձակել։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել էին Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը, վերջինիս համար երաշխավորել էին Արամ Զավենի Սարգսյանը և «ՔՊ»-ական երկու պատգամավորներ՝ Քրիստինե Պողոսյանը և «Նավակ Ճոճող» Վիլեն Գաբրիելյանը, իսկ կալանքի տակ գտնվող մյուս բոլոր ամբաստանյալների պաշտպանները միջնորդել էին՝ վերացնել խափանման միջոցը կամ փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով։

Փաստաբան Արմեն Անդրիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն ամբողջությամբ անհիմն է, հիմնավորված և պատճառաբանված չէ, չկան ոչ կալանքի տակ պահելու պայմանը՝ հիմնավոր կասկածը, ոչ կալանավորման հիմքերը։
«Դատարանը որոշման մեջ զուտ արտագրել է օրենքների հոդվածներ` դրանք որևէ կերպ չհիմնավորելով և չպատճառաբանելով գործի նյութերով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նշված և այլ հիմքերով ներկայացվել է վերաքննիչ բողոք։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

--00—ՄՀ