Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է հայազգի վառոդապետ Տատյանի անունով փողոց անվանակոչել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

Սոկակ

2008 թվականից իր վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է Բաքըրքյոյի Զեյթինլիք թաղամասում գտնվող փողոցներից մեկն վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Չնայած հենց այդ փողոցում են գտնվում Տատյանի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և Տատյան (Տատեան,Դադյան) վարժարանը՝ քաղաքապետարանը պնդում է, որ փողոցը պետք է կրի «Մաբեթ» անունը։

Նշյալ եկեղեցու և Տատյան դպրոցի ղեկավար Մեսութ Օզդեմիրը թուրքական «Medyascope»-ի հետ զրույցում, անդրադառնալով օսմանյան բանակում Տատյանի ունեցած ավանդին, նշել է․ «Տատյան Էֆենդին այն անձն է, որը ծառայել է օսմանյան պետությանն ու Թուրքիայի Հանրապետությանը։ Շատ տխրեցուցիչ է, որ ընդամենը մի փողոց Տատյան Էֆենդիի անունով կոչելը շատ է համարվում։ Ստացվում է, որ մենք խոչընդոտում ենք, որ պատմական արժեքը փոխանցվի գալիք սերունդներին։ Հետևաբար հնարավոր չէ չտխրել»։

Այդ փողոցի բնակիչները ևս պնդում են, որ այն պետք է մնա Տատյան անվանումով, քանի որ այդտեղ է գտնվում նույնանուն վարժարանը և, ի վերջո, Հովհաննես Տատյանն արժանի մարդ է եղել, որը պայքարել է իրենց երկրի համար։

Ո՞վ է Հովհաննես Տատյանը

Նա ծնվել է 1799 թվականին։ Կարևոր պաշտոններ է զբաղեցրել օսմանյան բանակում։ Ռազմադյունաբերության ոլորտում ունեցած հաջողություններից հետո Տատյանը նշանակվել է վառոդապետ։ 

Հովհաննես Տատյանին է պատկանում հրացանի փողի երկաթները ծակելու և մետաղի արտաքին շերտը ողորկելու մեքենայի գյուտը: Տիրապետելով հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն լեզուներին, ինչպես նաեւ գրաբարին՝ նա կատարում է բազմաթիվ գիտական նշանակություն ունեցող  թարգմանություններ: Մահացել է 1869 թվականին։ Նրա աճյունն ամփոփված է իր կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

--00--ԱԹ

Տեսանյութեր