Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նորընծա սարկավագներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

սարկավագ

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի հոկտեմբերի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սարկավագական ձեռնադրության արժանացած Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանի 25 սաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։

Հանդիպմանը Մուշեղ Սրբազանը Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ վստահեցնելով, որ նրանցից յուրաքանչյուրը լիովին գիտակցում է իր կոչման կարևորությունն ու առաքելությունը։

Այնուհետև Ամենայան Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ճեմարանականներին՝ շնորհավորելով սարկավագ ձեռնադրվելու կապակցությամբ։ Նորին Սրբությունը նորընծա սարկավագներին պատգամեց մշտապես հավատարիմ մնալ իրենց ուխտին, ամենուր և ամենժամ նվիրյալ ծառայություն իրականացնել Հայ Եկեղեցու անդաստանում, կյանքի տարբեր իրավիճակներում դրսևորել Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի նախանձախնդրությունն ու զոհողության ոգին:

Հայոց Հովվապետը հորդորեց ճեմարանական սարկավագներին իրենց վարքագծով և անձնվեր ծառայասիրությամբ հավելել Հայոց Եկեղեցու և Հայրենիքի պատիվն ու համբավը՝ ընդօրինակելով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անսակարկ և աննահանջ ծառայությունն իրականացրած եկեղեցականների նվիրումն ու ինքնազոհողության բարձր գիտակցումը:

Իր հերթին ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին հոգևոր բարձրագույն հաստատության նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության համար:

Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագներին՝ ընծայելով նրանց ժամագրքեր։

 --00—ՄՀ