Մարեց մեր գաղափարական ընկերոջը՝ Արթուր Աղասյանին կրկին տեսնելու վերջին հույսը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

․

ՀՅԴ Արցախի Երիտասարդական միությունը գրել է․

«Երեկ մարեց մեր գաղափարական ընկերոջը՝ Արթուր Աղասյանին կրկին տեսնելու վերջին հույսը:

9 ամիս հուսալով փնտրելուց հետո երեկ Մատաղիսում գտնվել է ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների անդամ, ՀՅԴ Արցախի պատանեկան միության Մարտունու խմբի պատասխանատու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանի աճյունը։

ՀՅԴ պատանեկան միության շարքերից անմիջապես «Մարտական խաչ»-ի ասպետ դարձած 19 ամյա սպան դեռ 2016 թ-ին է իր սխրանքներով ապացուցել նվիրվածությունը հայրենիքին ու որդեգրած գաղափարախոսությանը:

«Ինձ հերոս կզգայի, եթե մեր կորցրած դիրքերը հետ վերցնեինք: Այդ ժամանակ հետմահու, թե ողջ, մեդալով, թե առանց մեդալի, ինձ հերոս կզգայի», -ասում էր ապրիլյան պատերազմի հերոս Արթուրը:

Ցավոք, այս պատերազմը մեզնից խլեց նաև Արթուրին: Նա անձնվիրաբար պայքարեց հայրենիքի ազատության համար և ընկավ նենգ ոսոխի հարվածից:

Այսօր ՀՅԴ ԱԵՄ-ի ընկերները սրտի մեծ կսկիծով են հիշում զրուցասեր, աղմկոտ, աշխույժ բայց և կազմակերպված, կարգապահ, միությանը նվիրված, դաշնակցականին վայել կեցվածքով Արթուր Աղասյանին:

Հավերժ փա՛ռք քեզ, ընկե՛ր...»։

--00--ԱՀ