Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 5 կասետային, 2 ավիացիոն և 3 գնդիկաբեկորային ռումբ. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News 

ռումբ

2021 թ. հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 778 զանգ, որից 97-ը՝ արտակարգ կանչ:

Շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում հրդեհի մասին գրանցվել է 18 կանչ, որից 14-ը՝ բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 3-ը՝ աղբանոցներում և աղբակույտերում, 1-ը՝ բազմաբնակարան շենքի տանիքում: Տուժածներ չկան: 

Արցախում մեկնարկել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը հորդորում է քաղաքացիներին՝ բերքահավաքի շրջանում ցուցաբերել զգոնություն: 

Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին նշված ժամանակահատվածում ստացվել է 4 կանչ, որից մեկ դեպք  տեղի է ունեցել Ստեփանակերտում, մեկը՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում, 2 դեպք՝ Մարտունու շրջանում: ՃՏՊ դեպքերից տուժել է 2 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը բավարար է: 

Հունիսի 14-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում կենցաղային բնույթի 35 կանչ է ստացվել: Դռան բացման 13, վերելակի խափանման 2 դեպք է գրանցվել: Փրկարարները շարունակում են տեխնիկական օգնություն  ցուցաբերել բնակիչներին: Խմելու և առօրյա օգտագործման համար ջուր է մատակարարվել 3 համայնքի բնակիչների:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները  գործընկեր կազմակերպությունների հետ իրականացրել են ականազերծման, հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է կասետային՝ 5, ավիացիոն 2 և գնդիկաբեկորային 3 ռումբ, ականանետի 1 ական, 6 պայթուցիչ:

Օձի հայտնաբերման մասով ստացվել է 4 կանչ: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված, սողունները հայտնվում են ինչպես բնակելի շինություններում՝ այնպես էլ տնամերձ հողամասերում: 

Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շարունակում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Պատերազմից հետո մինչ օրս տարհանվել է 1580 աճյուն:

--00--ԱԹ