Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ու գլխավոր մասնագետը ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

հասարակական

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-ի 2-րդ հոդվածով, այն է՝ պաշտոնեական լիազորություններից անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։

Կենտրոն վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանն էլ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-ի 4-րդ հոդվածով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը աշխատակցի է ծեծի ենթարկել։ Վարչական շրջանի հողօգտագործման բաժնի պետը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ միջադեպի ընթացքում կողքի սենյակում է եղել, ձայներ է լսել, ոստիկանություն և շտապ օգություն է կանչել։

--0--ԿԿ