Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին եզակի համերգով հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ. ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News 

թավջութակահար

Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին փետրվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու Նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝ Kol Nidrei, Սեն-Սանսի Թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան: Միշա Մայսկին աշխարհի լավագույն թավջութակահարներից է, միակը, որն ուսանել է երկու մեծագույն վարպետների՝ Մ. Ռոստրոպովիչի և Գ. Պյատիգորսկու մոտ:

Մայսկին ծնվել է Ռիգայում, ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է: «Deutsche Grammophon»-ի բացառիկ արտիստներից է, վերջին 25 տարիների ընթացքում 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Փարիզի, Նյու Յորքի կամերային «Orpheus» և այլ նվագախմբեր: Նա առաջին երաժիշտն է, որը ձայնագրել է Յ. Ս. Բախի՝ թավջութակի համար գրված բոլոր ստեղծագործությունները:

Մայսկու ձայնագրությունները բարձր գնահատական են ստացել քննադատների կողմից և արժանացել հեղինակավոր մրցանակների՝ ճապոնական Record Academy Prize (5 անգամ), Echo Deutscher Schallplattenpreis (3 անգամ), Grand Prix du Disque и Diapason d’Or of the Year, և բազմիցս  հավակնել են «Գրեմմի» մրցանակի:

 --00—ՄՀ