ՄԱԶԾ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ն առաջիկայում կկարողանա աշխատել նաև Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

Սոցապ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր աշխատանքային հանդիպում եմ ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ։

Նախարարության և ՄԱԿ-ի համագործակցությունը տասնամյակների փորձ ունի։ Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որը կառույցի կողմից իրականացվում է Հայաստանում։ Համավարակով և պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ սոցիալական խնդիրները Հայաստանում այլ տեսք են ստացել, որոնք էականորեն փոխել են նաև մեր առաջնահերթությունները։

Քննարկել ենք համատեղ իրականացված աշխատանքները՝ արցախցիների կացարանների ապահովման, հյուրընկալված քաղաքացիների կոմունալների վճարման, ժամանավոր աշխատատեղեր ստեղծելու, կանանց դերի բարձրացման, գենդերային հավասարության ապահովման և մի շարք այլ ծրագրերի շրջանակում։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչի խոսքով՝ կառույցը Հայաստանի կողքին է թե՛ երկարաժամկետ, և թե՛ կարճաժամկետ ծրագրերի իրականացման ճանապարհին:

Թեպետ այս պահի դրությամբ ՄԱԿ-ը դեռևս չի կարող ուղղակիորեն աշխատել Արցախում, բայց Դմիտրի Մարիյասինը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ն առաջիկայում կկարողանա աշխատել նաև այնտեղ:

Քննարկել ենք նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար զբաղվածության ապահովման, սոցիալական վերականգնողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն ու տարբերակները»։

--00--ԱԹ