«Իմ քայլը» լքած, բայց մանդատը պահած պատգամավորը արձագանքել է խմբակցության հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

Տարեվերջին «Իմ քայլը» խմբակցության ցուցակով մանդատ վերցրած պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է խմբակցության հայտարարությանը: 

Գրառումը՝ ստորև.

«Արձագանքելով մեկ միասնական մանդատ ստացած քաղաքական ուժի՝ երեկ տարածած հաղարդագրությանը՝ բացատրում եմ․

1. Թե ում և ինչ մանդատով եմ լինելու պատգամավոր, կարելի է պարզել՝ պարզապես այցելելով Սյունիք և սահմանամերձ դարձած 57 բնակավայրեր։ Երևանյան գրասենյակներում երևակայությանը զոռ տալով՝ դա հազիվ թե հնարավոր լինի հասկանալ:

2. Մանդատս վերցրել եմ օրեր առաջ, նախորդ տարիներին չեմ եղել պատգամավոր, չեմ հանդիսացել քաղաքական իշխանության մաս, չեմ մանակցել որոշումների կայացմանը և այժմ էլ, վերցնելով մանդատը, չեմ կարող գտնվել մի քաղաքական թիմի ներսում, որի գործողությունները հանգեցրել են աղետալի հետևանքների:

3. Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է իբրև ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ ժողովրդից թաքուն կնքած բանավոր գիշերային համաձայնություններին և GPS-ով Հայաստանի գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը, որոնք իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը նազանքով անվանում է «հայտնի իրադարձություններ»։

Ինքս զերծ եմ մնում նշյալ միասնական մանդատը ստացած ուժի քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով դաշինքին քվե տված քաղաքացիներին։

Տարածված հաղորդագրությամբ ապացուցվում է, որ հասարակության պառակտումը, սևերի և սպիտակների բաժանումը, կարծես, նորից ակտուալ է դարձել հուվարի 11-ին սպասվող ևս մի «հայտնի իրադարձությունից» առաջ։

Եթե ստացած մանդատը իշխող ուժի ներկայացուցիչն իսկապես համարում է ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր, ապա առնվազն այժմ երկրի իշխանությունները պիտի հաշվետու լինեն, թե ինչ օրակարգով է վարչապետը գործուղվելու Մոսկվա և ինչ փաստաթղթեր են այդ օրը լինելու սեղանին։ Հակառակ դեպքում, մանդատի և ժողովրդի իշխանության մասին արված պնդումները ոչ այլ ինչ են, քան ժողովրդի զգոնությունը թմրեցնելու միջոց»։

Հիշեցնենք, որ տարեվերջին Աննա Գրիգորյանը վերցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատը՝ փոխարինելով մանդատը վայր դրած, արդեն նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանին: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս