ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում հայտարարության մեջ նշված մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրված 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 12։00-ին դադարեցնելու ռազմական գործողությունները։
Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների և ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել»։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ