Այս պահին վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն է ստացվել․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

․

Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն ազգանուն է ստացվել: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վիրտուալ երթը խորհրդանշում է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը։

Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին.

1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք,

00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:

Հաղորդագրություն գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:

- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։

Հաղորդագրությունների ընդունումը շարունակվելու է մինչեւ լուսաբաց։