ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երանելիների շարքին է դասել կատալոնական ծագումով իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիին, որին անվանում են «Աստծո ճարտարապետ»։ Գաուդին ավելի քան 40 տարի ղեկավարել է Բարսելոնայի Սուրբ Ընտանիքի Քավության (Սագրադա Ֆամիլիա) եկեղեցու շինարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Vatican News-ը։
Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապը ճանաչել է Անտոնիո Գաուդիի հերոսական առաքինությունները, և այժմ կատալոնական մոդեռնիզմի ներկայացուցիչը հավատացյալների կողմից երկրպագվող ելանելիների թվում է։
Գաուդին եկեղեցու սկզբնական պլանը վերածել է նեոգոթական ոճով յուրօրինակ նախագծի, որն արտահայտում է նրա խորը հավատը և արտացոլում է բենեդիկտյան և ֆրանցիսկյան ճարտարապետական ավանդույթների ազդեցությունը, նշում է հարթակը։
Անտոնիո Գաուդին ծնվել է 1852 թվականի հունիսի 25-ին Իսպանիայում՝ Կատալոնիայի Ռեուսի մունիցիպալիտետում: Նա Սագրադա Ֆամիլիա տաճարի կառուցման աշխատանքների կառավարումն ստանձնել է 1883 թվականին՝ կառույցի շինարարության մեկնարկից մեկ տարի անց։ 1887-ից 1893 թվականը նա ղեկավարել է մի շարք այլ քաղաքացիական և կրոնական շինարարական նախագծեր, ինչից հետո կրկին վերադարձել է Սուրբ Ընտանիքի Քավության տաճարին։ Գաուդին մահացել է 1926 թվականի հունիսի 7-ին տրամվայի վրաերթի հետևանքով։
Գաուդիի երանացման կարգը մեկնարկել է 1998 թվականին Բարսելոնայի արքեպիսկոպոս կարդինալ Ռիկարդո Մարիա Կառլես Գորդոյի կողմից։ 2003 թվականին գործը փոխանցվել է Վատիկանին:
--00--ԱՀ