Քննարկվել է ՀՀ-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Screenshot_3

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչը համահունչ է երկու երկրների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների տրամաբանությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի Սենատի անդամներին՝ Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Նախարարի տեղակալը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։ Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ:

--00—ՅՄ