Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալը հերքել է լուրը, թե Ուկրաինայում քաղաքացիներ են հավաքագրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

․

Հուլիսի 27-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարի հետ։

Հայաստանի դեսպանը զրուցակցին վերստին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը և կարևորել իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության հավասարակշռված մոտեցումը։

Ուկրաինացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել դեսպան Սեյրանյանին՝ Ուկրաինայի հայ համայնքին ուղղված զսպվածություն ցուցաբերելու և սադրանքների չտրվելու հորդոր պարունակող ուղերձի համար: Նա հավելել է, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ խաղաղորեն ապրում են Ուկրաինայում և «այսօր խիստ անհրաժեշտ է ապահովել ազգամիջյան խաղաղության պահպանումը և կանխել հայկական ու ադրբեջանական համայնքների միջև առճակատումը»:

Դեսպանը հաղորդել է զրուցակցին, որ լարվածության հենց սկզբից Ուկրաինայի հայ համայնքը զսպվածություն է դրսևորել, ՈւՀՄ նախագահը և Ուկրաինայում ՀԱԵ հոգևոր առաջնորդը համապատասխան ուղերձներով դիմել են հայրենակիցներին:

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդի հարցեր, ինչպես նաև պայմանավորվել ջանքեր գործադրել տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը նախապատրաստելու ուղղությամբ։

Զրույցի ընթացքում փոխնախարար Վասիլ Բոդնարը պաշտոնապես հերքեց վերջին օրերին տարբեր ԶԼՆ-ների կողմից տիրաժավորվող տեղեկատվությունն առ այն, թե Ուկրաինայում հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

--0--ԱՀ