Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

zatulin_744x445_v1.thumb_

ԼՂ-ից հայ բնակչության հեռանալուց հետո տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են։ «Газета»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով, Ադրբեջանը դեռ չի բարձրացնում զորքերը դուրս բերելու հարցը, որպեսզի Ռուսաստանը դա չընկալի որպես պարտություն կամ զիջում։

«Այսօր ԼՂ-ում խաղաղապահների ներկայությունը փոխկապակցված է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ։ Քանի որ ԼՂ-ում հայ բնակչություն չկա, հարց է առաջանում՝ ի՞նչ են անում այնտեղ մեր խաղաղապահները։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը դեռ հարցեր չի բարձրացրել նրանց դուրսբերման մասին միայն այն բանի համար, որպեսզի դա Ռուսաստանում չընկալվի որպես պարտություն, զիջում, որպես ՌԴ-ից դուրս մեր զինվորականների ներկայության պատճառած վնաս։ Բայց իրականում մեր խաղաղապահների ԼՂ-ում գտնվելու պատճառները նվազել են»,- ասել է նա։

Պատգամավորը կարծում է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությունը կարող է երաշխավորել, որ հայ բնակչության տների հետ ոչինչ չպատահի։

«Ես մեր խաղաղապահների ներկայության իմաստը տեսնում եմ, որպեսզի ոչինչ չպատահի, օրինակ՝ հայ բնակչության կողմից լքված տների, պատմամշակութային հուշարձանների հետ, որոնք ունեն համաշխարհային պատմական բնույթ։ Որոշակի հույս կա, որ հայերի մի մասը կվերադառնա ԼՂ, սակայն այն պայմանները, որոնք Ադրբեջանը պաշտոնապես առաջադրում է հայերի վերադարձի համար, դժվար թե նպաստեն նրանց վերադարձին։ Ուստի ռուս խաղաղապահների ներկայությունն այստեղ շատ դժվար հանգամանք է։ Տեղի բնակչության արտագաղթը ԼՂ-ից խաթարեց նրանց այնտեղ գտնվելու պատճառները»,- եզրափակել է նա:

--00—ՅՄ