Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

l-0x54wh-1280x746z-0.6140625

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ-ի կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (TAIEX, Twinning) կիրառմանը և այլ հարցերի։

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման ու դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման, կապիտալ շուկայի զարգացման, որակի ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության զարգացման և վերջինիս մասով ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ուղղությամբ։

Կարևորվել է ներկայումս ստեղծված նոր իրողությունների շրջանակներում ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների խորացման ՀՀ հանձնառությունը և պատրաստակամությունն առավել ակտիվ մասնակցություն ունենալու ԵՄ-ի կողմից իրականացվող և նախատեսվելիք տարածաշրջանային ծրագրերում։

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

--00—ՅՄ