ՊԵԿ-ը մասնակցել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

պե

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական Միությունը կարող է աջակցություն տրամադրել: Կողմերը ներկայացրել են իրենց մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կարևորվել է տարիների ընթացքում Հայաստանին՝ ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը:  

Անդրադարձ է կատարվել  մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում փոխգործակցությանը, կարևորվել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավախախտումների դեմ պայքարին ուղղված հիմնական ձեռքբերումները և հետագա քայլերը։

ԵՄ-ն ներկայացրել է գործող Ներմուծումների վերահսկման համակարգի ներդրման ընթացիկ վիճակը, ինչը ենթադրում է ԵՄ-ում  բեռնափոխադրումների նախնական տեղեկատվական համակարգի կիրառություն։  Ներկայացվել են նաև ԵՄ անդամ պետություններում համակարգի ներդրման փուլերն ու մեխանիզմները։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև  «Համընդհանուր տարանցման ընթացակարգի և ապրանքների առևտրում ձևակերպումների մասին»  կոնվենցիայի շրջանակում ՀՀ՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար դեռևս 2021 թվականի դիմումի ընթացքին: Կողմերը մեկ անգամ ևս արձանագրել են ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև հաստատված  տնտեսական և առևտրային սերտ գործընկերային հարաբերությունները և վստահություն հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն:

--00—ԼՀ