Հայտնի են «Գրեմմի 2024»-ի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

2

Լոս Անջելեսում «Գրեմմի» 66-րդ մրցանակաբաշխության ժամանակ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին՝ դառնալով առաջինը, որին այս հեղինակավոր մրցանակը բաժին է հասնում չորրորդ անգամ։ Մրցանակը շնորհվել է «Midnights» ալբոմին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, նախկինում նա հավասարվել էր Սթիվի Ուանդերին, Փոլ Սայմոնին և Ֆրենկ Սինատրային՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթելով երեք անգամ։

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հաղթել է «Տարվա երգ» անվանակարգում՝ «Բարբի» ֆիլմում հնչած իր «What Was I Made For» երգի համար: Այս մրցանակի համար Բիլլի Այլիշի հետ ներկայացված էին նաև Դուա Լիպան՝ «Dance the Night», Ջոն Բատիստը՝ «Butterfly», Լանա Դել Ռեյը՝ «A&W», Մայլի Սայրուսը՝ «Flowers», Թեյլոր Սվիֆթը՝ «Anti-Hero», Օլիվիա Ռոդրիգոն՝ «Vampire» և SZA-ը՝ «Kill Bill» երգի համար։

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում հաղթել է Մայլի Սայրուսը՝ «Flowers» երգի համար։ «Flowers»-ը 2023 թվականին Billboard երաժշտական ​​չարթում ութ շաբաթ շարունակ զբաղեցնում էր առաջին հորիզոնականը:

«Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթել է Վիկտորյա Մոնեն:

Թեյլոր Սվիֆթը նաև մրցանակի է արժանացել «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգում։ Ընդունելով արձանիկը՝ նա հայտարարել է ապրիլին նոր՝ 11-րդ ալբոմի՝ «The Tortured Poets Department»-ի թողարկման մասին։

Այս տարի նաև հաղթողներ ընտրվեցին երեք նոր անվանակարգերում՝ «Լավագույն աֆրիկյան երաժշտական ​​կատարում», «Լավագույն ալտերնատիվ ջազ ալբոմ» և «Լավագույն պարային-փոփ ձայնագրություն»:

66-րդ «Գրեմմի»-ի մրցանակները շնորհվել են 2022 թ․ հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թ․ սեպտեմբերի 15-ը թողարկված երգերի և ալբոմների համար։ Թեկնածուները ներկայացված էին 94 անվանակարգերում։

--00—ԼՀ