Այս դժվար օրերին գոյամարտի առաջնագծի հերթափոխը ձերն է, սիրելի ուսուցիչներ․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

l-RsKhjFiccA

Ալեն Սիմոնյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ.

Սիրելի՛ ուսուցիչներ,

Այս դժվար օրերին գոյամարտի առաջնագծի հերթափոխը ձերն է: ԱԺ մեր կամավորները հուզված պատմեցին, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկ են փորձել հստակեցնել մի խումբ բռնի տեղահանված կանանց հետ: Կանայք մատնացույց են արել քիչ հեռու կանգնած երեխաներին՝ նշելով, որ խիստ անհանգիստ են արդեն քանի օր դպրոց չգնացող աշակերտներով, խնդրելով առաջնահերթ դիտարկել դպրոցներում տեղավորվելու հարցը: Այդ կանայք մանկավարժներ են եղել...

Այսօր Հայաստանի դպրոցների ուսուցիչների թափուր հաստիքները մեծ արագությամբ համալրում են ԼՂ մեր հայրենակիցները, որոնք իրենց մասնագիտական առաքելության հարցում ոչ մի զիջման պատրաստ չեն: Նրանք են, որ սովորեցնում են չընկճվել, փորձությունները խելացի կերպով ընդունել, նրանք են, որ մասնագիտական առարկաների հետ դաստիարակություն ու սեր են փոխանցում, նրանք են, որ թեւաթափ ու հուսահատ ծնողներին ստիպում են հավաքել իրենց ու հավուր պատշաճի երեխաներին դպրոց ճանապարհել:

Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ, ձեր պայքարող, ոգեւորող եւ համբերատար կերպարը կարգուկանոնի եւ առաջ նայելու ամբողջականություն է: Առողջ եւ ամուր լինեք:

--00—ՅՄ