Բաքվի և Ստեփանակերտի հանդիպմանը պետք է մասնակցի ՌԴ-ն և ՀՀ-ն. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Դավիթ-Գալստյան

Ադրբեջանը շարունակում է Արցախը շրջափակված պահել, օրերս Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ պատրաստ են հանդիպել Ադրբեջանի հետ` երրորդ կողմի ներկայությամբ և անվտանգ պայմաններում:

Թեմայի վերաբերյալ 24News-ը զրուցել է Արցախի ԱԺ-ի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ:

-Պարոն Գալստյան, ի՞նչ իրավիճակ է Արցախում: Պետնախարարի հայտարարության վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:

-Ճիշտն ասած, էստեղ տիրող իրավիճակն օր օրի ավելի է վատանում, տեսնում ենք, որ ինստիտուցիոնալ առումով, թե´ հացի խնդիրը, թե´ մնացած խնդիրներն ինքնահոսի են թողած: Խոսում են, որ մոտ օրերս որոշակի օգնություն բաժանեն, բայց դեռ տեսանելի ոչինչ չկա, միայն հայտարարությունների մակարդակով է: 

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում ունենալուն, նման հանդիպումներ բազմիցս եղել են մինչև այս շրջափակումը: Այն ժամանակ, երբ նման հանդիպումներ լինում էին, ճիշտ չէր ընկալվում մեր հասարակության կողմից, բայց հիմա կարծես թե դրա անհրաժեշտությունը կա, և այո´, մենք միշտ էլ հայտարարել էինք, որ պատրաստ ենք երկխոսելու, որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու, բայց պետք է լինի այն երրորդ կողմը, որոնք որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչեն:

-Ո՞վ պետք է լինի երրորդ կողմը` Ռուսաստա՞նը:

-Այսօր, ուզենք-չուզենք, մեր սրտով լինի-չլինի, ունենք մի իրավիճակ, որտեղ առկա են ռուս խաղաղապահներ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որը ստորագրված է երեք սուբյեկտների կողմից: Այս իշխանություններին բազմիցս ասել ենք, որ ինչպես նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շուրջ համաձայնվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի շատ տարբեր հարցեր, մենք բազմիցս առաջարկել ենք, որ եկեք պետական մակարդակով հանդիպենք, լինի աշխատանքային խումբ` 3+1 ֆորմատով, այսինքն` Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան և Արցախը` որպես շահառու:

Իմ կարծիքով, այսօրվա ստեղծված իրավիճակում ամենաճիշտ ձևաչափը դա է, որովհետև կա նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի լիիրավ կողմ` Հայաստան, որը պետք է ներկայացնի հայկական շահը, սակայն այս պահին տեսնում ենք, որ լիրաժեք չեն իրականացնում, և այդտեղ, եթե գումարենք Արցախը որպես կողմ կամ շահառու, հնարավոր է, որ ստեղծված իրավիճակից հագուցալուծում լինի:

Ինչ վերաբերում է միջազգային դերակատարներին, իհարկե, կարող են իրենք հայտարարություններ անել, և տեսնում ենք, որ դրանից այն կողմ ոչինչ չեն անում առ այսօր: Ես անձամբ համոզված եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի կողմը, որը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, գործնական քայլեր չի ձեռնարկում և այս ամենը տեսնելով` միջազգային հանրությունն էլ ոչինչ չի անում:

-Դուք, ասում եք, որ պետք է լինի 3+1 ձևաչափը, բայց Հայաստանն այլ բան է պնդում` Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսություն։

-Այո´, դա այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է, որը մենք համարում ենք սխալ և թույլ պետք է չտանք, որ նրանք այդ քայլերով փորձեն Արցախին թողնել մենակ թուրք-ադրբեջական տանդեմի ներքո, դա սխալ է: Պետք չէ լսել այսօրվա իշխանություններին, այլ պետք է պարտադրել, որպեսզի Հայաստանն իր ստորագրության տերը լինի:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ