Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալել է ԵՊՀ մագիստրանտներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

․

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, խորհրդարանում հյուրընկալել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության և ամերիկագիտության բաժինների մագիստրանտներին: Այս մասին տեղեկանում է խորհրդարանի պաշտոնական կայքից: 

«Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի առջեւ նոր դռներ են բացվել, եւ մենք պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական շահն առաջ տանել»,-ուսանողներին ասել է պատգամավորը:

Վերջինս ուսանողներին է ներկայացրել խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, իր ղեկավարած հանձնաժողովի շրջանակում ծավալվող գործունեությունը, խոսել խորհրդարանական դիվանագիտության, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի մասին:

Մագիստրանտների խմբում եղել են նաև արցախցի ուսանողներ, նրանք հետաքրքրվել են աշխարհաքաղաքական վերադասավորումներով, ռազմագերիներին վերադարձնելու գործընթացով, փախստականներին առնչվող հարցերով:

Հանդիպման ավարտին Թագուհի Թովմասյանը միջազգայնագետներին խորհուրդ է տվել լինել ակտիվ ու պահանջատեր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլև միջազգային հանրությունից, սեփական խողովակներով, կազմակերպությունների միջոցով մշտապես բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար կարոր հարցերը:

--00--ԱՀ