«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան»-ը՝ Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

քաղաքական

Թագուհի Թովմասյանի հայտարարությանն ավելացնելու որևէ բան չունեմ։ 24News-ին ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ կարճ պատասխանելով Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հարցին։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից դեռևս չեն հստակեցնում՝ քայլեր ձեռնարկելո՞ւ են ՊՈՒ պատգամավոր Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու ուղղությամբ։

Այս հանձնաժողովի նախագահի քվոտան «Հայաստան»-ը փոխանցել էր ՊՈՒ-ին։ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը 24News-ի՝ Թովմասյանի հեռացնելու վերաբերյալ քննարկումներ ունենալու հարցին ի պատասխան ասաց․ «Ինչպես արդեն Դուք ասացիք, այդ քվոտան «Հայաստան» խմբակցությունը տվել է «Պատիվ ունեմ»-ին։ «Պատիվ ունեմ»-ը որոշել է, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Թագուհի Թովմասյանը։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է տալ ՊՈՒ-ին»։

Հուլիսի 1-ին ԱԺ-ում «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանը զրկվեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահի պաշտոնից։ Նրանց պաշտոնանկությունից հետո խորհրդարանում հանձնաժողովի նախագահի և փոխնախագահների պաշտոններ զբաղեցնող ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին իրենց պաշտոններից հրաժարվելու մասին, իսկ Թագուհի Թովմասյանը՝ ոչ։ 

Թովմասյանը նշել էր, որ որոշել է շարունակել իր գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի «ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԱՆԿԱԽ  նախագահ»: «Մարդու իրավունքների պաշտպանությունը ապակուսակցական առաքելություն է», - գրել էր նա:

Երեկ Թովմասյանը դեռևս հրաժարվեց խոսել իր հետագա գործունեության մասին։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ