1918-ին պապիս պապը իր և Խնձորեսկի հասարակության անունից նամակ է հղել Զորավար Անդրանիկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

առուշ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեծ պապիս նամակը Զորավար Անդրանիկին՝ Զանգեզուրի հերոսկան մարտերից առաջ։

Զարմանալիորեն Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

1918 թ. hոկտեմբերի 2-ին պապիս պապը` կոմիսար Հայրապետ Առուշանյանցը, իր և Խնձորեսկի հասարակության անունից նամակ է հղել Զորավար Անդրանիկին, որպեսզի Մեծն Զորավարը թշնամուն դիմագրավելու համար իրենց առաջնորդի, քանի որ ընկել էր պատմական Արցախը և վտանգվել՝ Սյունիքը։

Պատմությունը բավականին երկար է, հերոսական դրվագների մասին մեկ ուրիշ առիթով դեռ մանրամասն կպատմեմ, բայց փաստ է, որ հենց այդ ժամանակ Սյունիքը մի բռունցք դարձած` սկսեց ճակատագրական պայքար և հերոսական պատմություն կերտել՝ ի առաջնորդություն Մեծն Զորավարի։

Իրականում հպարտ եմ, որ ունեցել եմ համարձակ, ուժեղ և վճռական որոշումներ կայացնելու ունակ պապեր, ովքեր չեն ծնկել, չեն վախեցել, ամեն գնով պատրաստ են եղել պայքարի և պայքարել են՝ հանուն Սյունիքի, հանուն մեր Սուրբ Հայրենիքի։ Նամակի ամբողջ բովանդակությունը կարդում և համոզվում ես, որ գրեթե ոչինչ չի փոխվել. Հայտնվել ենք նույն իրավիճակում, ինչ մի հարյուրամյակ առաջ։

Մեր պապերը խիզախ են եղել, համարձակ ու վճռորոշ իրենց որոշումներում և հենց այդ վճռականությունն ու հաղթական ոգին են եղել շարժիչ ուժը հերոսկան պայքարի: Արյան կանչով այսօր ևս պարտադրված ենք արժանի լինել մեր պապերի թողած ժառանգությանը:

Նույնիսկ Բարձյալը, իր բարի կամքից անկախ, չի սիրում վախկոտ ժողովուրդներին, կա’մ մենք պետք է արյան գնով վաստակենք ապրելու իրավունք, կա՛մ դատապարտված ենք կործանման։ Ի վերջո մեր պապերը, մեր հերոսները ապացուցել են, որ սահմանները ոչ միայն ուժով, զենքով , նաև արյամբ են գծվում:

Մենք ոչ մի պարագայում իրավունք չունենք ուրանալ ու ճակատագրական սխալներ թույլ տալ: Ճակատագրից չես փախչի, պատմությունը կրկնվում է , հետևաբար, Սյունիքը պիտի շարունակի իրեն հատուկ հերոսական բնավորություն ու կամք դրսևորել: Ի վերջո, ուժն է ծնում իրավունք, և մենք պարտավոր ենք ուժեղ լինել, մենք իրավունք չունենք Արարչի կողմից մեզ շնորհած Հայրենիքը դարձնել մի ոտքի կոխան: Պատմությունը մեզ հուշում է, որ ցանկացած ճակատագրական պահի հայի ուժեղ գենն է հաղթել, իսկ արյունը երբեք ջուր չի դառնում: Մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը և հենց մեր սերունդն է պարտավոր հետ բերել կորցրածը: Մեր գեները խոսելու են, միանշանակ, ես կասկած չունեմ»։

--00—ԼՄ