Շանհայում սկսվել է լոքդաունի երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

Շանհայում ապրիլի 1-ին սկսվել է լոքդաունի երկրորդ փուլը, որը սահմանվել է COVID-19-ի հետ կապված իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press գործակալությունը: Շանհայի մի մասը, որն ընկած է Խուանպու գետից դեպի արեւմուտք, չորս օր շարունակ կգտնվի խիստ կարանտինի ներքո:

Դրա հետ մեկտեղ գետից դեպի արեւելք ընկած շրջանների բնակիչները, որոնք մեկուսացման մեջ են եղել մարտի 28-ից, հայտնել են, որ սահմանափակումները քաղաքի իրենց հատվածում կարող են երկարացվել, թե դրանց բնակելի շրջաններում հայտնաբերվեն կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր: Լոքդաունի երկրորդ փուլի ժամանակ պլանավորվում է թեստավորել քաղաքի շուրջ 16 միլիոն բնակիչների:

Նաեւ այն քաղաքացիները, որոնք ապրում են Շանհայի արեւմտյան մասում, չորս օր շարունակ չեն կարողանա դուրս գալ իրենց բնակելի շրջաններից ու թաղամասերից: Քաղաքի լոքդաունը ցնցել է համաշխարհային շուկաները, որոնք անհանգստացած են հնարավոր տնտեսական հետեւանքներից: Մարտի 31-ին հրապարակված հետազոտության համաձայն, մարտ ամսին Չինաստանի արտադրական ակտիվությունն ընկել է մինչեւ հինգամսյա նվազագույն մակարդակ:

Մարտի 31-ին Շանհայում հայտնաբերվել է կորունավիրուսով վարակման շուրջ 4,1 հազար անախտանիշ դեպք եւ 358 դեպք, երբ դրսեւորվել են հիվանդության ախտանշանները: Չինաստանը մնում է այն քիչ երկրներից մեկը, որը հանձնառու է COVID-19-ի նկատմամբ «զրոյական համբերություն» քաղաքականությանը: Դա նշանակում է վիրուսի տարածման սահմանափակում լոքդաունի միջոցով եւ պարտադիր կարանտին նրանց համար, ովքեր շփում են ունեցել վարակված քաղաքացիների հետ: Չինաստանում համավարակի ողջ ժամանակաշրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 151 հազար դեպք եւ մոտավորապես 4,6 հազար մահ՝ հիվանդության հետեւանքներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՍԳ