Նախկին պաշտոնյայից՝ այսօրվա «սրտի օլիգարխին». իրավապահների վեճն ու առանձնատան վաճառքը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան կասկածահարույց վաճառքի շուրջ հիմա էլ իրավապահ կառույցներում են կրքեր բորբոքվել: Հիշեցնենք, որ կասկածելի գումարներվ կառուցված Մոնումենտի հերթական դղյակներից մեկը ոչ թե վերադարձվել էր քաղաքացիներին, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին, այլ նախկին պաշտոնյայից անցավ այսօրվա «սրտի օլիգարխին»:

Ինչպե՞ս. արգելանքի տակ եղած գույքը ամենակարող գործարար, կասկածելի ճանապարհով կարճ ժամանակում հարստացած Նարեկ Նալբանդյանը գնեց՝ էլի փակովի, ինչպես «Գոլդեն փելիս» հյուրանոցը գնեց: Արգելանքի տակ գտնվող գույքի վաճառքից տարակուսած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ փորձելու է պարզել, թե ովքեր են մեղավորները:

Գլխավոր դատախազի հայտարաությանը հակադարձեց Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, թե իրենք օրենքի շրջանակում են գործել ու մի բան էլ Գլխավոր դատախազի խոսքը որակեց «ականջահաճո արտահայտություն»: Գլխավոր դատախազությունը որոշեց չնահանջել եւ կրկին հրապարակային պատասխանեց Կոմիտեին, թե միգուցե տեղյակ չեն, կամ քննիչը Աբրահամյանի գործով չի իրազեկել հսկող դատախազին եւ նման այլ բաներ: Մի խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, որ իրավապահները կատարված խայտառակությունը միմյանց վրա են գցում, իսկ վաճառքը արդեն կայացել է:

Ու սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հրապարակային պատերազմում են միմյանց հետ: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ նոր հանձնարարականներ տալով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ