Թող վարչապետը ոչ թե Ղազախստանի, այլ մեր սահմանով մտահոգվի․ քաղաքացիները՝ ՀԱՊԿ զորք ուղարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Այսօր ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որ համաձայն Ղազախստանի դիմումի, ՀԱՊԿ անդամ հինգ երկրների, այդ թվում՝ Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան։

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, ինչպե՞ս են վերաբերվում Ղազախստան հայկական զորք ուղարկելու որոշմանը։ Հարցվածներից մի մասը կարծիք հայտնեց, որ որոշումը ճիշտ է, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և պետք է անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրի անդամ երկրներին:

«Պատերազմի ժամանակ աշխարհը լռում էր, մենք չպետք է լռենք»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց, որ եթե ՀԱՊԿ անդամ ենք, մեկը մյուսին պետք է օգնի և Նիկոլ Փաշինյանն առաջին քայլն է արել։

Քաղաքացիների մյուս մասն էլ կարծում է, որ Հայաստանը պետք է անհանգստանա իր անվտանգությամբ և հիմա հարմար ժամանակը չէ․ «Թող վարչապետը ոչ թե Ղազախստանի, այլ մեր սահմաններով մտահոգվի»։