Ալան-թալան չենք անում, իրավունք չունե՞նք Կենտրոնում ապրելու, ինչի՞ շատ գույքահարկ մուծենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

Ազգային ժողովն ընդունել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը «տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է»: Այսպիսով՝ անշարժ գույքն արդեն հարկվելու է շուկայական գնին համարժեք։ Ներկայացված նախագծով սահմանվում են անշարժ գույքի հարկի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նաև նոր դրույքաչափեր։ Օրինակ` 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքի համար, որն այժմ չի հարկվում, 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին` 50 տոկոսը, 2023 թվականին` 75 տոկոսը։ 

Օրինագիծը իրարամերժ կարծիքների և քննարկումների առիթ է դարձել։ Խորհրդարանական ընդդիմությունը փոփոխությունը ներկայացնում է որպես գույքահարկի բարձրացման օրինագիծ, մինչդեռ իշխող խմբակցությունը ճիշտ հակառակն է պնդում՝ գույքահարկը նվազելու է։

24News-ը շրջել է Երևանի փողոցներում, զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս են ընկալում օրինագիծը և ի՞նչ կարծիք ունեն նշված փոփոխությունների վերաբերյալ։ 

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերը բացասական էին վերաբերվում փոփոխություններին՝ նկատելով, որ գույքահարկը կբարձրանա, և նախկինում իրենց վճարած գումարից ավելի շատ կպարտավորվեն վճարել, ինչը ձեռնտու չէ հատկապես Կենտրոնում բնակվողների համար։ 

Որոշ քաղաքացիներ էլ դրական են վերաբերվում գույքահարկի մասին օրինագծին՝ նշելով, որ սա աշխարհի տարբեր երկրներում վաղուց ընդունված փորձ է և նոր բեռ չի դառնա քաղաքացիների համար։ 

Նշենք նաև, որ թեմայի շուրջ սոցցանցերում ֆլեշմոբ է սկսել, որի մասնակիցները, ներկայանալով որպես բնիկ երևանցի, դեմ են հանդես գալիս գույքահարկի բարձրացմանը՝ նշելով՝ «Վաղը ստիպված կլինենք զրկվել մեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է»։

--0--ԿԿ