Տարածաշրջանում կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Միրզոյան

«ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Ի՞նչ տեսակետ ունեք տարածաշրջանում կայունության պահպանման գործում Իրանի դերի մասին» հարցին, ասել է.

«Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է, և դրա վառ օրինակ է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումը: Մենք հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկու երկրների բարեկամության և փոխշահավետ գործընկերության համատեքստում, այլև կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի»:

Լրագրողը հիշեցրել է՝ Իրանի մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ հենված է տարածաշրջանի գեոպոլիտիկ և աշխարհագրական կարևորության, այլ ոչ տարածաշրջանի էթնիկական և կրոնական հարցերի վրա։ Հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս է գնահատում Իրանի այս մոտեցումը, Միրզոյանը պատասխանել է.

«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:

Հնագույն քաղաքակրթությունների կրողներին՝ ինչպիսին են Հայաստանը և Իրանը, բնորոշ է կրոնական և ազգային հանդուրժողականությունը, փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը, ինչպես նաև ապագայի հանդեպ փոխադարձ պատասխանատվությունը»:

Հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումը «3+3» նախաձեռնության մասին, Միրզոյանը նշել է.

«Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին.

  • Ձևաչափը պետք է լինի ամբողջական և ներառական:
     
  • Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը»:

--00--ԱԹ