Ադրբեջանի սադրիչ վարքագիծն ազդեցություն է ունենում նաև տարածաշրջանի մյուս երկրների վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը գնահատում  Հարավային Կովկասի ներկա իրավիճակը և ինչպե՞ս է տեսնում տարածաշրջանի ապագան, նա պատասխանել է.

«Նախորդ տարի աշնանը Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա քաղաքական, տնտեսական, հումանիտար հետևանքները շարունակում են ազդեցություն ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության վրա: 

Թեև նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից վերոնշյալ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ, որոշ դրույթների աղավաղմամբ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառությամբ, ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով:

Ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին մենք առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: Ցավոք, երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր երկրի  կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից  համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները այդ դարաշրջանի համար»։ 

--00--ԱԹ