Հայրենիքի դավաճանության հոտ է գալիս․ պատերազմից հետո հարցերն ավելի են խճճվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Պատերազմից հետո հարցերն ավելի են խճճվում։ Հայրենիքի դավաճանության հոտ է գալիս։ Վարչապետը հարցեր է բարձրացնում Շուշիի հետ կապված, այնինչ ինքը պետք է տար դրանց պատասխանները։ Շուշին թուրքերին հանձնելու համար գլուխներ պետք է թռչեն։ Իսկ հիմա պատասխանատվությունից խուսափելու գործընթաց է սկսվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Ըստ նրա՝ վարչապետից մինչև Օնիկ Գասպարյան ու Արայիկ Հարությունյան, բոլորը փորձում են մեղքն իրենց վրայից գցել, ճշմարտության և ստի պայքար է։

Նորիկյանը հարց է բարձրացնում՝ եթե բանակի գեներալներն են տապալել պատերազմը, ինչո՞ւ պետք է նրանք բարձր զինվորական և ազգային հերոսների կոչումներ ստանային։

«Պատերազմի օրերին շունը տիրոջը չի ճանաչել։ Վարչապետը մեկ բան է ասում, Մովսես Հակոբյանը՝ այլ, Դավիթ Տոնոյանն ու Սամվել Բաբայանը՝ լրիվ ուրիշ, շիլաշփոթ է։ 4000 զոհ որտե՞ղ է եղել, ռազմաճակատի ո՞ր բնագծերում ենք կորցրել մեր երեխեքին։ Փաշինյանի, Բաբայանի ասածների ենթատեքստից հասկանում եմ, որ  ինչ-որ հրամաններ տապալվել են։ Իսկ ու՞ր են քրգործերը։ 

Տղե՛րք, թարգը տվե՛ք  քաղաքական հայտարարություններով պետական ինստիտուտներ ղեկավարելու անիշխանական մթնոլորտին։ Ձեր յուրաքանչյուրի հայտարարությունից առանձնապես ծանր հանցագործության հոտ է գալիս։ Վաղը ձեզանից պատասխաններ են պահանջելու։  

Եթե եղել են մարդիկ, որոնք հայրենիքը ծախել են, փախել են, դավաճանել են, նրանց  բոլորի արարքներին պետք է տրվեն իրավական գնահատականներ՝ համապատասխան ատյաններում։ Դուք ճիշտ չեք անում, եթե այսօր միմյանց ոչնչացնելու համար եք օգտագործում այդ փաստերը»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։