Մոսկվայում որոշվում է կարևորը. ո՞վ է հաջորդը՝ Վազգեն Մանուկյա՞նը, թե՞ Էդմոն Մարուքյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

թեկնածուներ

ՀՀ նոր վարչապետի ճակատագիրը որոշվում է Մոսկվայում: Այս մասին նշում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին.

«Պատերազմում պարտությունից հետո Հայաստանը կորցրել է ոչ միայն տարածքներ, այլև ինքնիշխանության մեծ մասը: Այս օրերին հենց Մոսկվայում է որոշվում գլխավոր հարցը՝  իրականության հետ կապը կորցրած և Հայաստանի համար կործանարար որոշումներ կայացնող վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

Այս հարցի լուծման համար դեկտեմբերի 17-ին Մոսկվա է մեկնել ՀՀ երկրորդ նախագահ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանը: Նա ֆորմալ առումով չէր կարող լքել երկիրը, քանի որ իր նկատմամբ հարուցված քրգործը քննության փուլում է, իսկ երկիրը լքելու թույլտվության ժամկետն ավարտվել էր: Նախորդ անգամ դատարանը երկրորդ նախագահին նման թույլտվություն տվել էր Փաշինյանի միջամտությունից հետո, որ վերջինս ԼՂ հարցով բանակցություններ վարի ռուսական էլիտայի հետ: Այս անգամ նույնպես իշխանության կարգադրությամբ Քոչարյանին երկիրը լքելու թույլտվություն են տվել:

Երեկ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մարդ, ով պատասխանատու է առանցքային հարցերում ՌԴ հետ բանակցությունների համար: Այժմ առանցքային հարցը վարչապետի հրաժարականն է և երկրում կայունության ապահովումը:

ՌԴ մայրաքաղաք է մեկնել նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վերջինս Փաշինյանի համար վարչապետի հարմար թեկնածու է՝ իր հրաժարականից հետո: Մարուքյանը հաստատ Փաշինյանի և իր թիմի նկատմամբ վենդետա չի սկսի:

Այս անձանց՝ Մոսկվա այցերը փոխկապակցված են: Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ քննարկվում է Փաշինյանի՝ խաղաղ, անցնցում հեռացման հարցը: Վերջինիս հրաժարականը ժամանակի հարց է: Այժմ քննարկվում են մանրամասներն ու մեխանիզմները: Առավելագույն նպատակն ընդդիմադիր Վազգեն Մանուկյանի ընտրությունը թույլ չտալն է, իշխանության համար ժամանակավոր վարչապետի ընդունելի թեկնածության առաջքաշումը, մինչև կկազմակերպվեն ընտրություններ և կձևավորվի նոր կառավարություն: Էդմոն Մարուքյանն այդպիսի թեկնածուներից մեկն է:

Բացի այդ, հրաժարականի դեպքում Փաշինյանը նաև ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ իր, իր ընտանիքի և թիմի համար: Այդպիսի երաշխիքներ ընդդիմության անունից նրան կարող է տալ միայն Քոչարյանը:

Եթե համաձայնության են գալիս ընդդիմության ու իշխանության համար ընդունելի թեկնածուի հարցում, ապահովում են Փաշինյանի և իր թիմի անվտանգությունը, ապա նա հրաժարական է տալիս մինչև Նոր տարի»:

--00--ԱԹ