Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

15055003_0_0_1600_901_1280x0_80_0_0_00c48a08a7cf460968a0d79b2fefa1ad

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ։

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն տրավման, որը շատերը շարունակում են կրել։

Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը խորը նշանակություն ունի շատ կանադացիների, մասնավորապես կանադահայերի համար։  Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունը երբեք չմոռացվի։

Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, այն մեզ հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին։ Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է կանգնենք ընդդեմ ատելության՝ ի պաշտպանություն բազմազանության, ներառականության և մարդու իրավունքների. դա է մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունը:

Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է»,- ասվում է Թրյուդոյի հղած ուղերձում։

Նա կոչ է արել բոլոր կանադացիներին հետաքրքրվել և իմանալ այն իրադարձությունների մասին, որոնք այդքան զոհերի պատճառ դարձան։ «Եկեք կառուցենք հասարակություն, որտեղ ամեն մեկն իրեն ապահով կզգա խտրականությունից և բռնությունից»,- եզրափակել է ուղերձը Թրյուդոն։  

--00—ՅՄ