Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1136326

Բրազիլիայի հարավում, Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում, տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 39 մարդ, ևս 68-ը համարվում է անհետ կորած։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ CNN Brasil-ին հղումով հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Նշված նահանգում շաբաթվա սկզբից չդադարող հորդառատ անձրևներից արդեն տուժել է ավելի քան 350 հազար մարդ։ Տասնյակ հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները և գտնվում են ապաստարաններում։

Նահանգի վարչական կենտրոն Պորտու Ալեգրիում նախօրեին վնասվել է Պաթուս լճի ջրամբարի պատվարներից մեկը, ինչի հետևանքով քաղաքի հյուսիսային շրջանները հայտնվել են ջրհեղեղման վտանգի տակ։

Բրազիլիայի երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ սա վերջին ավելի քան 80 տարիների ընթացքում գրանցված ամենաուժեղ ջրհեղեղն է։ Որոշ քաղաքներում ջրի մակարդակն ամենաբարձրն է եղել դիտարկումների շուրջ 150 տարիներին։

--00—ՅՄ