ԿԳՄՍՆ-ն ԱՊՀ երկրներում ընկերության հետ քննարկել է մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

dd

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ Թամար Չոլարիային՝ քննարկելու մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարները: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրին և կարևորել Երևանի պետական համալսարանի ու ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի միջև օրերս ստորագրած համագործակցության հուշագիրը, որը համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն է ընձեռում:

Թամար Չոլարիան տեղեկացրել է՝ ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է հրատարակել «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» դասագիրքը: Այն հիմնված կլինի հայկական մարքեթինգային ընկերությունների անցած ճանապարհի և պատմության վրա: Կողմերը կարևորել են նաև դասագրքի՝ ուսումնական ծրագրում ընդգրկվելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այս մարքեթինգի հետ կապված տարբեր դասընթացների ընթացքում հայ ուսանողներին ներկայացվել են միջազգային խոշոր ընկերությունների օրինակները: Ձեռնարկը հնարավորություն կտա ուսանողներին ծանոթանալու նաև հայկական ընկերությունների հաջողության պատմություններին և մոտեցումներին:

Նշվել է՝ «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս է տեսնելու երկու լեզուներով: Նախ կտպագրվի անգլերեն տարբերակը՝ շուրջ 10 հազար օրինակով և կվաճառվի ամբողջ աշխարհում, այնուհետև կթարգմանվի հայերեն:

Համագործակցության արդյունքում Երևանի պետական համալսարանի ուսանողները կստանան նաև Շուկայավարման համաշխարհային գագաթնաժողովի (WMS) մասնակցության հնարավորություն:

Առցանց գագաթնաժողովն անցկացվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և հեռարձակվում է աշխարհի 105 երկրներում՝ միավորելով ավելի քան 200 խոսնակների կորպորատիվ, ակադեմիական, հասարակական և պետական կառավարման ոլորտներից: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում 48-ժամյա ռեժիմով լսելու աշխարհի առաջատար մասնագետների զեկուցումներն այնպիսի արդիական հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ մարքեթինգի դերը թվայնացման դարաշրջանում, հաճախորդակենտրոն մարքեթինգային ռազմավարությունները, մարքեթինգը խթանող գործիքների արդյունավետության գնահատումը, «Open AI», «Chat GPT»-ի առնչությունները մարքեթինգի հետ և բնագավառի մի շարք այլ առանցքային թեմաներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ Հայաստանում ընթացող կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակում Հայաստանի 16 ավագ դպրոցներում իրականացվում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը: Ընդ որում՝ Հայաստանն առաջին երկրներից է, որ այս ծրագիրը ներդրել է դպրոցներում՝ կարևորելով դպրոցական տարիքից սովորողների՝ արհեստական բանականությանն առնչվելն ու ճիշտ պատկերացումներ ձևավորելը: Արթուր Մարտիրոսյանը նաև ընդգծել է՝ «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրում» ԲՏՃՄ ուղղությանը հատկացվել է առանձնահատուկ դեր, և այդ ուղղությամբ կրթության որակի բարելավումը պետության առաջնային խնդիրներից է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


 

--00—ՍՊ