«Վեոլիա Ջուր»-ը հորդորում է իր բաժանորդներին վճարումները կատարել առցանց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

ջուր

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ շարունակում է գործել արտակարգ դրության պայմաններում:

«Ի հավելումն միլիոնավոր ֆիզիկական անձ հաճախորդների՝ մենք ծառայություններ ենք մատուցում նաև այսօր կենսական նշանակության ունեցող այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են հիվանդանոցները, սննդի մատակարարները և այլն: Սա պատասխանատվություն է, որ մենք շատ ենք կարևորում։ Ջրի մատակարարման համակարգը՝ պոմպակայանները և այլ ինժեներական ենթակառուցվածքները ապահովում են կայուն և որակյալ ջրամատակարարում բոլորիս համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն թվականի ապրիլի 22-ից բնակիչ-բաժանորդների համար կոմունալ, այդ թվում՝ խմելու ջրի և ջրահեռացման ծառայության դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարում է վերացած, «Վեոլիա Ջուր»-ը հորդորում է իր բաժանորդներին կատարել վճարումները։

Միաժամանակ, գիտակցելով կորոնավիրուսով պայմանավորված պատասխանատվությունը, «Վեոլիա Ջուր»-ը կոչ է անում պահպանել Ձեր և Ձեր ընտանիքի անվտանգությունը և մատուցված ծառայությունների համար վճարել` օգտագործելով առցանց և բջջային համակարգերը: Վճարելով մատուցված ծառայությունների համար՝ դուք միանում եք այսօրվա՝ արտակարգ իրավիճակում որակյալ ջրամատակարարում ապահովելու մեր ջանքերին: Էլեկտրոնային համակարգերով վճարումների հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ 080000-185 անվճար հեռախոսահամարով: Կանխավ շնորհակալություն ենք հայտնում երկրի անվտանգությունն ապահովելու գործում Ձեր ներդրման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: