«Նորք» ինֆեկցիոնում թոքաբորբից մահվան դեպքը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նիկոլ (

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնաով «Նորք» ինֆեցիոն հիվանդանոցում թոքաբորբից մահվան դեպքին և նշել, որ քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում:

Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:

Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ»,-գրել է վարչապետը:

Ավելի վաղ մահվան դեպքի մասով հայտարարություն էր տարածել նաև առողջապահության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: