Դեղատան խուզարկությամբ 2081 հատ լիրիկայի դեղահաբ են հայտնաբերել․ 5 անձ ձերբակալվել է

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի 42-ամյա մի բնակիչ Նոր Նորքի մի դեղատնից պարբերաբար ապօրինի ձեռք է բերում լիրիկա հոգեներգործուն դեղահաբ։ Ստացված տեղեկությունները իրացվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ տղամարդը Վիլնյուսի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին։  Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկայի դեղահաբ։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների ընթացքում դեղատան 35-ամյա տնօրենը ոստիկաններին ներկայացրեց 10, իսկ նրա 71-ամյա սկեսրայրը՝ 30 հատ լիրիկայի դեղահաբ։ Նրանք բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ Խուզարկվեց նրանց Նոր Նորքում գտնվող բնակարանը, որտեղից հայտնաբերվեց 2081 հատ լիրկայի դեղահաբ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվեցին։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հիշյալ դեղահաբերը ձեռք են բերվել Երևանի բնակիչներ՝ 61 և 38-ամյա երկու տղամարդուց։ Նրանք ևս հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։