Ձերբակալվել են ապօրինաբար հոգեմետ դեղահաբեր ձեռք բերած, իրենց դեղատանը վաճառած ամուսինները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝  համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում լիրիկա հոգեմետ դեղահաբեր։

Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հարուցված քրեական գործի շրջանակում ապրիլի 24-ին իրավապահները, դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերեցին և առգրավեցին լիրիկայի 70-ից ավելի հաբ։

Նշանակվել են փորձաքննություններ։ Ամուսինները ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։