Էջմիածնի դեղատներից մեկում հոգեներգործուն հաբեր են վաճառվել. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ու ԱԳԸԲԿ բաժանմունքների ծառայողները «Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկել են տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում հուլիսի 9-ին տեղեկություն են ստացել, որ Էջմիածնում բնակվող և անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող 40-ամյա մի կին Էջմիածնի Բաղրամյան փողոցի դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «լիրիկա» հոգեներգործուն հաբեր։

Տեղեկությունը ստանալու օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց գնորդներից մեկը։ Արմավիրի մարզի Դողս գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «լիրիկա» գրառմամբ 9 հաբ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Այնուհետև քրեական հետախույզները հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 40-ամյա կնոջը։ Շուտով պարզվեց, որ նա 8 հաբ էլ վաճառել էր մեկ այլ տղամարդու։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, դեղատունը խուզարկվեց։ Հայտնաբերվեց «լիրիկա» գրառմամբ 94 հաբ, որոնք առգրավվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ դեղատան տնօրենը հաբերը ձեռք էր բերել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում բնակվող 49-ամյա մի կնոջից, որը նույնպես հայտնաբերվեց ու տվեց խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ՄՀ