ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Լոնդոնի «Չելսին» խախտել է ՈւԵՖԱ-ի ֆինանսական կայունության կանոնները՝ գերազանցելով սահմանված վնասների թույլատրելի շեմը։
Եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը չի ճանաչել ակումբի կողմից որպես եկամուտ հայտարարված որոշ գործարքներ՝ ներառյալ կանանց թիմի (200 մլն ֆունտ ստերլինգ) և հյուրանոցների (76.5 մլն ֆունտ ստերլինգ) վաճառքները, քանի որ դրանք իրականացվել են «քույր ընկերություններին»։
Ներկայումս «Չելսին» բանակցում է ՈւԵՖԱ-ի հետ կարգավորման համաձայնագրի շուրջ, որը, ըստ տեղեկությունների, կներառի ֆինանսական տույժ և ծախսերի վերահսկման սահմանափակումներ առաջիկա երեք մրցաշրջանների համար։ Հնարավոր է նաև, որ խախտումների կրկնության դեպքում ակումբը ժամանակավորապես որակազրկվի եվրոպական մրցաշարերից։
Չնայած այս գործարքները օգնել են «Չելսիին» համապատասխանել Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոններին, մի շարք փորձագետներ կասկածի տակ են դրել կանանց թիմի հայտարարած շուկայական արժեքը։ Մասնավորապես՝ նշվում է, որ ԱՄՆ-ի «Էնջել Սիթի» ակումբը, որի տարեկան եկամուտը կազմում է շուրջ 24 մլն ֆունտ, վաճառվել է 194 մլն ֆունտով, մինչդեռ «Չելսիի» կանանց թիմի եկամուտը նախորդ մրցաշրջանում կազմել է ընդամենը 11.5 մլն ֆունտ։
ՈւԵՖԱ-ն իր վերջնական որոշումը կհրապարակի 2025 թվականի մայիսի կեսերին։
Աղբյուրը՝ The Times
--00—ՅՄ