ԱԺ-ում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին ներկայացրել են «խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

aa

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, ՀՀ զինված ուժերի կերպափոխմանը և ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորություններին, ԶՈՒ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին:


 

--00—ՍՊ