Մհեր Գրիգորյանն ի սկզբանե պայմանավորվել է հանդիպել տավուշցիների հետ Երևանում. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

գր

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից 24News-ին հայտնել են, որ նա ի սկզբանե չի պայմանավորվել մեկնել Տավուշ ու այնտեղ հանդիպել բնակիչների հետ՝ քննարկելու Ադրբեջանի հետ սահմանազատման հարցը, այլ նրանք պետք է գան Երևան, հանդիպումն էլ կայանալու է այսօր։

«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը այսօր կայանալու է Կառավարության շենքում», - նշել են գրասենյակից։

Հիշեցնենք, որ 24News-ը հայտնել էր, որ Գրիգորյանը վերջին պահին որոշել է չգալ Տավուշ, ինչից հետո իշխանական տելեգրամ ալիքները՝ ի մասնավորի  Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող Infoteka-ն մեղադրել էր մեզ «ապատեղեկատվություն» տարածելու մեջ։ Իհարկե, գայթակղությունը շատ է՝ նշելու, թե վերջին օրերին ինչ ապատեղեկատվությամբ է զբաղված փաշինյանական այդ ռեսուրսը, սակայն դրա վրա ժամանակ չենք ծախսում։ Միայն պետք է նշենք, որ Գրիգորյանի՝ Տավուշ գալու մասին երկու օր է հայտարարում են տեղի իշխանական պատասխանատուները, որպեսզի հանգստացնեն ժողովրդին։ Գրիգորյանի գալու մասին նշել էին նաև ԱԺ բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորներ։

--00—ԼՀ