Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել Իրանին զսպվածություն ցուցաբերել Իսրայելի դեմ գործողություններում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1134716

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Իսրայելի դեմ ռազմական հնարավոր պատասխանի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Իտալացի նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանի և Հռոմի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն:

Տայանին ընդգծել է, որ Իրանի դիվանագիտական առաքելության վրա Իսրայելի հարձակումից հետո Իտալիան դատապարտել է դա Եվրամիության հետ միասին: Նա նշել է, որ դիվանագիտական կառույցները չպետք է ենթարկվեն ոտնձգությունների:

Ամիրաբդոլլահիանն, իր հերթին, անդրադարձել է երկու երկրների միջև պատմական կապերին՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը Իտալիայի հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում: Նա նշել է, որ Իրանը միշտ եղել է տարածաշրջանային իրադարձությունների դրական կողմը և թանկ է վճարել տարածաշրջանում կայունության և անվտանգության համար:

Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խորհրդատվությունները:

--00—ՅՄ