Արցախից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-09-24_15-49-04

ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածների առաջնային կարիքները։ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան հայտնեցին ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից

-Ինչպիսի աշխատանքներ են իրականացվում ԼՂ-ից Հայաստան տեղափոխվող բնակիչների հետ։

-Տեղափոխվող բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում է իրականացվում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։ Աշխատանքներում ներգրավված են համապատասխան գործառույթներ ունեցող բոլոր պետական կառավարման մարմինները։

Ինչպես և հայտարարվել էր նախկինում ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է մեր հայրենակիցների առաջնային կարիքները։

-Որտե՞ղ է կազմակերպվելու տեղահանված քաղաքացիների կեցությունը։

-Կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով։ Ըստ անհրաժեշտության այլ մարզերում նույնպես կեցության վայրեր կկազմակերպվեն։

--00—ՅՄ