Հայաստանը Եվրաջասթի հետ կկնքի քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24news

30062310(1)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) փոխնախագահ Բոշտյան Շկռլեցին:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի գործընկերոջը Հայաստան այցելելու համար և ընդգծել, որ Հայաստանն իր պետականության ձևավորման ճանապարհի ընթացքում մշտապես կարևորել է միջազգային տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը:

«2021 թվականի մարտից Հայաստանին հնարավորություն է ընձեռնվել դիտարկել Եվրաջասթին միանալու հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ահաբեկչության և անդրազգային ծանր հանցագործությունների դեմ պայքարի հարցում Եվրաջասթին անդամակցող երկրների իրավապահ մարմիններին համակարգված և արդյունավետ աջակցություն ցուցաբերելը Գործակալության հիմնական նպատակներից է՝ 2022 թվականից Հայաստանը բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ՝ Եվրաջասթի և Հայաստանի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի նախագծի շուրջ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը՝ վստահություն հայտնելով, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործերով միջազգային համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

--00—ՅՄ