Արցախի հանձնմանը «ոչ» ենք ասելու բաց քվեարկությամբ և սահմանադրական ճանապարհով. Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Մենք չենք եկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։

Նա հիշեցրեց, որ «Հանրաքվեի մասին» օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով քաղաքացիական խումբը կարող է դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և դրանով նախաձեռնել օրենսդրական նախագծի ներկայացում ԱԺ։

«Հիմա մենք եկել ենք այդ դիմումը նեկայացնելու ԿԸՀ։ Այն իր մեջ ներառում է բավականին մեծ փաստաթղթերի փաթեթ, որ հավաքել ենք։ Դա նախ դիմումն է, որ ստորագրված է նախաձեռնող խմբի անդամների կողմից և վավերացված է նոտարական կարգով, երկրորդը՝ բուն օրենքի նախագիծն է և նրա հիմնավորումները։ Երրորդը՝ նախաձեռնող խմբի անդամների փաստաթղթերն են, այսինքն՝ անձնագրերի պատճենները, ինչպես նաև այդ ամենը էլեկտրոնային կրիչների վրա։ Այսինքն՝ այդ ամենը բավականին մեծ փաթեթ է։ Մենք եկել ենք, որ այն պաշտոնապես ներկայացնենք ԿԸՀ և դրանով պաշտոնական մեկնարկ տանք «Հայաքվեին»,-նշեց Չալաբյանը։

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ նա ասաց, որ չի կարծում, որ առանձին մի գործողություն կարող է պատմության ընթացքը փոխել։

«Համոզված ենք, որ պետք է լինի գործողությունների համախումբ՝ և՛ ռազմական ոլորտում, և՛ քաղաքական ոլորտում, և՛ քաղաքացիական անհնազանդության ոլորտում, և՛ Արցախի բնակչության կողմից վճռականություն և դիմադրություն ցույց տալու ոլորտում։ Դրանք բոլորը միասնական մեջ է պետք դիտարկել»,-նշեց Ավետիք Չակլաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԶՀ