Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերություններին 817 մլն դրամի փոխհատուցում կտրվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

enlarge

Այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում որոշվեց 2022թ-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերություններին պետական բյուջեից 817,3 մլն դրամի փոխհատուցում հատկացնել:

Փոխհատուցումը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով սահմանամերձ տարածքում ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների համար, որոնց տեխնիկան վնասվել կամ մնացել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։

Պաշտոնական տվյալներով՝ հակառակորդի տիրապետության տակ է անցել 4 ՍՊԸ-ների պատկանող 17 միավոր տեխնիկա` 5 բուլդոզեր, 9 էքսկավատոր, 3 «Կամազ» ինքնաթափ։ Եվս 3 միավոր տեխնիկա (1 էքսկավատոր, 1 «Կամազ» ինքնաթափ, 1 ավտոկռունկ) վնասվել են հակառակորդի գնդակոծության հետևանքով։

Կառավարության հաշվարկած փոխհատուցման գումարը, սակայն, վերաբերում է 20 տրանսպորտային միջոցներից 19-ին։

«Մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան կազմակերպության կողմից փաստաթղթային ձևով չի ներկայացվել, որի կապակցությամբ դրա գնահատումը չի իրականացվել»,– նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։

--00—ՅՄ