Այո՛, համաձայնել եմ ՄԻՊ պաշտոնում իմ թեկնածության առաջադրմանը. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

photo_2023-03-18_14-16-53

«Միասին» հասարակական-քաղաքական շարժման կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելը հիմնականում պայմանավորված է Արցախի խնդրով։ Այս մասին 24News-ին ասաց հասարակական-քաղաքական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում իր թեկնածության առաջադրման հարցին։

«Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականից հետո օրենքով սահմանված ժամկետներում ԱԺ ոչ մի խմբակցություն չի առաջադրել ՄԻՊ թեկնածու։ Այսինքն՝ այդ պաշտոնը թափուր է մնացել այն պատճառով, որ ոչ ոք թեկնածու չի առաջադրել։ Իմ թեկնածությունն առաջարկել է «Միասին» շարժումը, որի գործունեության առանցքը վերաբերում է Արցախին, արցախահայությանը, Արցախի կարգավիճակին, Արցախի խնդրին։ Եվ մեզ համար խիստ մտահոգիչ է, որ հատկապես այս ժամանակաշրջանում, երբ Արցախում ապրող մեր հայրենակիցները՝ ավելի քան 120 հազար մարդ, որոնց իրավունքները կոպտորեն խախտում են, կանգնած են ցեղասպանության վտանգի առջեւ և կրում են ՀՀ քաղաքացու անձնագրեր, այսինքն՝ ՀՀ-ն պատասխանատու է նրանցից յուրաքանչյուրի կյանքի, ճակատագրի համար, թափուր է սահմանադրական միակ պաշտոնը, ինստիտուտը, որը պարտավոր է զբաղվել այդ խնդիրներով»,- նշեց Ղազարյանը։

Գործիչն ասաց, որ քննարկում է եղել, «Միասին» շարժումը նամակով դիմել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ առաջարկելով առաջադրել Ղազարյանի թեկնածությունը։ «Հաշվի առնելով, որ խորհրդարանական խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, հարց է բարձրացվել, որ մարդ նշանակվի այդ պաշտոնին։ Քննարկումների արդյունքում ես տվել եմ իմ համաձայնությունը»։

Ղազարյանն ասաց, որ այս թեմայով դեռեւս չի խոսել ընդդիմադիր խմբակցության որեւէ ներկայացուցչի հետ։ «Երեկ եղել է գրավոր դիմում, այսինքն՝ խորհրդարանական խմբակցությունների հետ դեռեւս այդ հարցը չի քննարկվել։ Արդեն իրենք պետք է որոշեն՝ նպատակահարմար գտնո՞ւմ են, թե՞ չէ։ Պարտադիր չէ իմ թեկնածության առաջադրումը, իրենք կարող են այլ թեկնածուի առաջադրել։ Խնդիրն այն է, որ իրենք իրենց սահմանադրական հնարավորությունից չեն օգտվել, թեկնածու չեն առաջադրել»,- եզրափակեց քաղաքական գործիչը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ